Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում սահմանել է առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի և ռազմամթերքի ընդունման կարգը:
Սույն կարգով կարգավորվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը Ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը:
Ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:
Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ (իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:
Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:
Օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:
Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե:
Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը