168.am-ը գրում է․ «Նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր հասարակության ուշադրության կենտրոնում է հատկապես փակ հաստատություններում գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:
Դրանով պայմանավորված` 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով պատասխանել թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել: Քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը: Խնդրել էինք տվյալները տրամադրել՝ ըստ հիմնարկների: Հարգելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը` խնդրել էինք տրամադրել միայն թվային տվյալներ:
Մեզ հետաքրքրել էր նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19: Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:
Քրեակատարողական ծառայությունից մեզ պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:
Հարցրել էինք նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19:
Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:
ՔԿԾ պատասխանում նշված էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները:
Կրկին պահպանելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները` խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել, թե ՔԿԾ ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են վարակված անձինք:
ՔԿԾ պատասխանում նշված էր, որ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում արձանագրվել է պահպանության ապահովման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններում:
Քրեակատարողական ծառայությունը հարկ էր համարել նշել նաև, որ ՔԿՀ-ներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ ԱՆ ՔԿԾ և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿԾ համակարգի աշխատակիցների կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը