VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։
Ապրիլի 9-ին Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը և աշխատակիցներ հայտարարեցին ընկերությունից հեռանալու մասին՝ պայմանավորված ընկերության մեծամասնական բաժնետերերի հետ անհամաձայնության պատճառով։
20 օր անց՝ ապրիլի 28-ին, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Խոստացել էին հակառակ դեպքում անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, իրեն քրեական հետապնդման ենթարկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը