24 06 2024

Արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված անհետաձգելի քննչական և վարութային միջոցառումների կատարմանը։

ՔԿ-ից մանրամասնում են, որ եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։ Նախաքննության շրջանակներում առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների հիշողության կրիչները։ Վերցվել են դեպքի պահին  տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ:

Վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 2024թ․ հունիսի 21-ին «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայնված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա դեպքի հենց հաջորդ օրը՝ հունիսի 22-ին, միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ