«Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերեւույթին»,- ֆեյսբուքյան էջում մարտի 20-ին գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
100 միլիոն դրամ է հատկացվել Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Խոսնակը նշել էր, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը: Այս ընթացքում Երևանի մի շարք փողոցներում ասֆալատապատում է իրականացվել, սակայն դիտահորորը, նախկինի պես, ճանապարհի մակերևույթից ցածր են կամ բարձր, և վարորդները շարունակում են մի կերպ շրջանցել դրանք կամ ուղղակի վնասել ավտոմեքենան։
Տեսանյութում Աթենքի փողոցն է, որտեղ ասֆալտապատում է իրականացվել ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Իհարկե՝ կարող են քաղաքապետարանի մասնագետները քանոնն առած չափել, թե որ դիտահորը որքան է բարձր ու ցածր ու սկսեն արձագանքել, սակայն դրանից իրականությունը չի փոխվի։ Իրականությունն այն է, որ դիտահորերին ձեռք չեն տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը