Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 6-ին դեպի Երևան ուղղություն է վերցրել «SCAT» ավիաընկերության օդանավը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:
«Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը