Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ- ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու եւ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության լրատվության ծառայությունից։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, 2020թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն եւ փամփուշտներ: 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազենով առաստաղին կրակ է արձակել, ապա անձանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին եւ պահանջել իրեն ուղղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրասենյակը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով, շարժվել է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի ավտանգության աշխատակիցներից մեկը՝ նույնաբովանդակ պահանջ ներկայացնելով նաեւ վերջինիս: Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն է, վերադարձել է ընդունարան, եւս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի եւ սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնել, որ վերջինս պատանդի կարգավիճակում է եւ պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Բացի այդ՝ նա հայտնել է, որ պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպելուց եւ վերջինիս եւս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ:
2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Ա. Թ.-ն տառապել եւ տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» հոգեկան հիվանդությամբ, հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ա. Թ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար եւ ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ, դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը եւ քրեական գործն ուղարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը