04 05 2020

Որքա՞ն ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար. պարզաբանել է նախարարը



Հայաստանում կորոնավիրուսով կրկանի վարակվելու դեպքեր գրանցվել են, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասաց նախարարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ըստ կանխատեսումների՝ որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։

«Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կամ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերին նախարարը նշեց, որ դրանք ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով են, այլ՝ դրանց անհրաժեշտ կարևորություն չտալու.

«Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ Գուցե տասը հոգու համար է գնել, բայց ամբողջ անձնակազմի համար պիտի գներ»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ անգամ պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բժշկական անձնակազմը ոչ միշտ է դրանք կրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ