30 04 2020

Մարտավարամասնագիտական զորավարժություններ՝ Արցախում



Բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանը ևս մեկ անգամ գնահատելու և նոր գիտելիքներով ու հմտություններով վերջիններիս զինելու համար ապրիլի 28-30-ը անց են կացվել մարտավարամասնագիտական զորավարժություններ, որոնց ընթացքին հետևել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Այս մասին  տեղեկանում ենք ՊԲ լրատվական ծառայությունից։

Պայմանական ազդանշանը ստանալուց հետո բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նստեցման շրջանները: Տեղերում արդեն կազմակերպվել են ծավալման աշխատանքներ, որոշ ուղղություններում անցել են մարտական հերթապահության ուժեղացված ռեժիմի, ճշգրտվել են մարտական խնդիրներն ու հետագա անելիքները, խաղարկվել հավանական պատերազմական իրավիճակներում առավել արդյունավետ գործելու մեխանիզմներն ու այլ անհրաժեշտ գործողություններ:

Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ: Կրակային փուլին անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունավետություն ինչպես պաշտպանողական, այնպես էլ պայմանական հարձակվողական մարտերի ընթացքում՝ կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ:

Զորախաղերի ընթացքն ու հատուկ նշանակության ջոկատայինների անցած ճանապարհը վկայում է, որ ստորաբաժանումները պատրաստ են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում փայլուն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ