Երևանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարություն է տարածել ծառերի գողության դեպքերի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները՝ Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները: Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից: Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11բրգաձև գիհի: Սա անպատժելիության հետևանք է:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից գողացել էին կիպարիս տեսակի 4 ծառ: Վնասվել էր նաև հինգերորդը, որը հավանաբար չէին հասցրել տանել: Այնուհետև կայարանամերձ կանաչ տարածքից արմատախիլ էին արել և տարել թույա տեսակի 8 ծառ: Վերջերս էլ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նախորդ օրը տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Նշենք, որ գողացած տեսակները տեղափոխման և պահպանման հատուկ եղանակներ ունեն: Այսինքն՝ գողացողը դրանք չի կարող պահպանել:
Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին: Նախորդ գողությունների առնչությամբ ՀՈԱԿ-ը դիմել էր ոստիկանություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը