ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հեշտացնելու մասին դաշնային օրենք է ստորագրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դա վերաբերում է արտասահմանցիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ապրում են Ռուսաստանում։ Այժմ ռուսական քաղաքացիություն ստանալու համար պարտադիր չէ հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից։
Նաև այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում և ապրել են ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, սակայն քաղաքացիություն չեն ստացել, հանվում են մինչ քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնելը Ռուսաստանում երեք տարի ապրելու և օրինական եկամուտը հաստատելու պարտադիր պահանջները։ Այս նորման կտարածվի նաև ՌԴ քաղաքացիների արտասահմանցի կողակիցների համար, ովքեր ապրում են Ռուսաստանում և երեխաներ ունեն, ինչպես նաև այն արտասահմանցիների, ում ծնողներից մեկն ունի ռուսական քաղաքացիություն և ապրում է Ռուսաստանում։
Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները, ովքեր բնակության թույլտվություն ունեն Ռուսաստանում, կարող են հայտ ներկայացնել քաղաքացիություն ստանալու՝ առանց երկրում ապրլու ժամկետները պահպանելու։
Ռուսական բուհերի շրջանավարտների համար աշխատանքային գործունեության ժամկետը կրճատվում է մինչև մեկ տարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը