10 02 2025

Ադրբեջանը Պուտինի կուսակցին մտցրել է պերսոնա նոն գրատա անձանց ցուցակ

Ադրբեջանը Պուտինի կուսակցին մտցրել է պերսոնա նոն գրատա անձանց ցուցակ

 

Բաքուն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին։ Այս մասին հայտնլ է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական, սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և մեր ժողովրդի դեմ, բացարձակապես անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պատգամավորի մուտքը հանրապետություն արգելվել է «վիրավորական հայտարարությունների և սպառնալիքների» պատճառով, որոնք նա, իբր, արել է Ադրբեջանի և նրա ժողովրդի հասցեին։ «Ադրբեջանի դեմ այս պատգամավորի հայտարարությունների հետ կապված՝ նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»,- ասել է նա։

Հաջիզադեն ընդգծել է, որ առաջին դեպքը չէ, երբ ռուս պատգամավորներն ընդգրկվում են պերսոնա նոն գրատա անձանց ցուցակում։ Նա հիշեցրել է, որ այն նախկինում համալրել են պատգամավորներ Կոնստանտին Զատուլինը և Վիտալի Միլոնովը։

Ավելի վաղ Նիկոլայ Վալուևն իր Telegram-ալիքում քննադատել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում Ռուսական տան փակումը։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ուշադրություն դարձնել Ռուսաստանում գործող ադրբեջանական սփյուռքին։ Ըստ նրա՝ նման կազմակերպությունները գործում են հանուն փողի, ընդ որում՝ միշտ չէ, որ լեգալ են գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ