05 02 2025

Չնայած Զելենսկին Ուկրաինայի լեգիտիմ նախագահը չէ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ. Պեսկով

Չնայած Զելենսկին Ուկրաինայի լեգիտիմ նախագահը չէ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ. Պեսկով

 

Չնայած Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի լեգիտիմ նախագահը չէ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել նրա հետ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, «եթե դա խաղաղության հասնելու միակ տարբերակն է»:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններին իր պատրաստակամ լինելու մասին Զելենսկու հայտարարությունները կարող են ընկալվել միայն որպես դատարկ խոսքեր՝ հաշվի առնելով, որ նա ստորագրել է Պուտինի հետ բանակացություններն արգելող փաստաթուղթ:

«Պատրաստությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա, այն չի կարող հիմնված լինել Զելենսկու համար նման բանակցությունների օրենսդրական արգելքի վրա: Ուստի, սա առայժմ անհնար է ընկալել որպես այլ բան, քան դատարկ խոսքեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե դա ուկրաինացիներին խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի։ Զելենսկին այս մասին ասել էր բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:

«Եթե սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող ենք խաղաղության հասնել ուկրաինացիների համար և չկորցնել մարդկանց, իհարկե, մենք կգնանք դրան», -  ասել էր Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև նշել էր, որ այս դեպքում իր անձնական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի. «Ես նրան թշնամի եմ համարում և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ է ինձ թշնամի համարում»:

Պետության ղեկավարը նաև նշել էր, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել բոլոր տարածքները և «չի կարող կորցնել միլիոնավոր մարդկանց՝ հանուն արդյունքի, որը կարող է և չգալ»։ Նա հավելել էր, որ անհնար է նաև խախտել Սահմանադրությունը և գրավյալ տարածքները ճանաչել որպես ռուսական։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ