Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության մասնակցության ապասառեցման թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ: ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է: Դրա շրջանակում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին։
Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, սակայն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանն իր դիրքորոշումը պատճառաբանում է նրանով, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը