«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով 180 երկրի շարքում գտնվում է 61-րդ հորիզոնականում:
Հայաստանում լրատվամիջոցների վիճակը զեկույցում նկարագրված է «Բազմազանություն, բայց դեռ ոչ անկախություն» խորագրով:
Նշվում է, որ 2018 թվականին երկրում լրատվամիջոցների բազմազանությունն աճել է, սակայն, իշխանությունները չեն կարողացել լուծել դրանց բևեռացման խնդիրը: Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրային քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ: Լրագրողների անկախությունն ու թափանցիկ լրագրությունը դեռևս շատ հեռու են իրականություն դառնալուց:
Զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ թշնամանքը Հայաստանում ավելի վաղ դրսևորվում էր ֆիզիկական բռնությամբ, իսկ այժմ դա փոխարինվել է դատական հետապնդումներով: Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման՝ լրատվամիջոցներին ստիպելով ռեսուրսներ ծախսել իրավական պաշտպանության, ոչ թե իրադարձությունները լուսաբանելու վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը