18 06 2024

Հունիսի 12-ին կատարվածը՝ դիտորդների աչքերով․ արտահերթ զեկույց է հրապարակվել

Հունիսի 12-ին կատարվածը՝ դիտորդների աչքերով․ արտահերթ զեկույց է հրապարակվել

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց են հրապարակել հունիսի 12-ին Երևանում՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Հատուկ զեկույցում անդրադարձ է կատարվում «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման կազմակերպած հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախորդ հավաքների ու բռնաճնշումների վերաբերյալ ևս զեկույցներ էր հրապարակել՝ բռնությունների, ձերբակալումների, հավաքի մասնակիցներին վարժական հավաքներով «պատժելու» սպառնալիքների, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ «կարմիր բերետների» աննախադեպ բռնություններին, անպատժելի գործելաոճին և այժմ արձանագրում են, որ նախորդ զեկույցներում վեր հանված խնդիրները չեն լուծվել։

Հունիսի 12-ի հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունների պատճառով տուժել են 100-ից ավելի անձինք, ներառյալ՝ լրագրողներ և օպերատորներ։

Զեկույցն արձանագրում է, որ ընդհարումները մեկ անգամ չէ, որ տեղի ունեցան։

Նկարագրում է առաջին ընդհարումը․ «Հավաքի ղեկավարները ելույթներ ունեցան բեմահարթակից, շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնելու վերաբերյալ և պահանջեց հանդիպում Ն․ Փաշինյանի հետ՝ վերջինիս «խաղաղ, անցնցում հեռանալը» քննարկելու նպատակով։ Միաժամանակ, արքեպիսկոպոսը կոչ արեց ցուցարարներին ոստիկանության հետ չհաղորդակցվել, իսկ այլ քաղաքացիներին՝ միանալ իրենց հավաքին։ Ելույթից կարճ ժամանակ անց՝ 5։30-ի սահմաններում, նա մոտեցավ Դեմիրճյան փողոցի ոստիկանության շղթային, պահանջելով բացել ճանապարհը, ինչը մերժվեց ոստիկանության կողմից։ Արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրախոսով հավաքի մասնակիցներին կոչ արեց մնալ իրենց տեղերում՝ «կանգնել այնքան, որքան անհրաժեշտ է»։

Նշվում է, որ ոստիկանությունը, հղում անելով օրենքին, հրաժարվում է բացել ճանապարհը, Սակայն Բագրատ սրբազանը պնդում է, որ բացեն, որին հաջորդում է ոստիկանության զգուշացումը՝ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Ոստիկանությունը զգուշացնում է կանանց, երեխաներին և տարեցներին իրենց անվտանգության համար հեռանալ։

«Հայտարարությունը առաջացրեց առաջին շարքերում կանգնած ցուցարարների վրդովմունքը, որոնք սկսեցին սուլել և վանկարկել։ Հավաքի ղեկավարների և ոստիկանների փոխադարձ պահանջներից որոշ ժամանակ անց ցուցարարները ետևի շարքերից սկսեցին հրել իրար դեպի ոստիկանության շղթան, ինչին ոստիկանները հակազդեցին վահաններով և ռետինե մահակներով։ Որոշ ցուցարարներ պլաստիկ շշեր և այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները՝ նույնպես։ Այդ ընթացքում հավաքի բազմաթիվ մասնակիցներ և ղեկավարները կոչ էին անում առարկաներ չնետել։ Ցուցարարների կողմից նետված պլաստիկ շշեր և այլ առարկաները ոստիկանները ետ էին նետում մարդկանց բազմության վրա, ինչը ավելի էր խորացնում լարվածությունը»,- նշվում է զեկույցում՝ հավելելով, որ կարմիր բերետավորները շշեր էին նետում ցուցարարների վրա՝ ոչ միայն ի պատասխան, այլև՝ նաև համեմատաբար հանդարտ իրավիճակներում։

Համաձայն զեկույցի, առաջին բախումը տևել է շուրջ 10 րոպե։ 

Անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանին, որն այդ ընթացքում ԱԺ ամբիոնից խրախուսում էր ոստիկաններին։

Երկրորդ բախումը տեղի է ունեցել 19։30-ին, երբ, համաձայն զեկույցի, ընդդիմադիր պատգամավորները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և գնալ ԱԺ, ինչը ոստիկանությունը թույլ չի տվել։ Ցուցարարների մի խումբ, կոտրելով ցանկապատերը, մուտք է գործում Սիրահարների ագի, որտեղ մտել էին նաև կարմիր բերետավորները։

Նշվում է, որ կարմիր բերետավորները ծեծում էին ցուցարարներին, անհարկի բերման ենթարկում։

Բարձրաստիճան ոստիկանները փորձում են հանդարտեցնել։ Ոստիկանները դուրս են գալիս այգուց և փակում դարպասները։

«Թեև մթնոլորտը լարված էր, այնուամենայնիվ պարզ էր, որ այգու տարածքից ոստիկանների վրա «գրոհելու» փորձ չի արվել և այդպիսի նպատակ հնարավոր չէր վերհանել։

Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ․ Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։ Այնուհետև, ոստիկանները իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ»։ 

Նկարագրված իրավիճակը պատկերված է այս տեսանյութում։

Զեկույցում նշվում է, որ ոստիկանները որևէ կերպ չէին կարող հաշվարկել և պահպանել նռնակները մարդուց առնվազն 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու չափանիշները։

Նշվում է, որ նռնակներից մեկը նետվել էր լրագրողների և օպերատորների խմբի ուղղությամբ։ Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով վնասվածքներ են ստացել 10 լրագրող և օպերատոր։

Մի քանի դեպքերում լուսաձայնային նռնակները նետվել էին ուղիղ ցուցարարների բազմության վրա։

«Տեսագրություններից մեկում երևում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, որից հետո վերջինս կռացել, վերցրել է այն, և նռնակը պայթել էր ձեռքի մեջ։ Վիրավորման պատճառով ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել էր, կորցրել էր երեք մատ»։

Նշվում է, որ հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառել է առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ, որոնք թույլատրվում են կիրառել միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա։ Մինչդեռ ոստիկանները դրանք նետում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։

Ընդ որում, զեկույցի հեղինակները նշում են, որ ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ՝ փշալար ու ջրցան մեքենա, սակայն կիրառել է առավել վտանգավոր միջոցները։

Ոստիկանության գործողությունների արդյունքում բուժօգնության դիմել է 101 քաղաքացի և ոստիկան։ Զեկույցում շեշտվում է, որ լուսաձայնային նռնակներից վիրավորումների քանակն աննախադեպ էր։ Նախորդ նման դեպքը գրանցվել էր 2016 թվականին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ընթացքում, սակայն այդ ակցիաների ժամանակ վնասվածք ստացածների թիվը 73 էր։

Ինչ վերաբերում է բռնություններին, դրանք, ըստ զեկույցի, տեղի են ունեցել ոստիկանական պատնեշի հետին տարածքում։

Տեսագրությունները փաստում են, որ նռնակների կիրառման ընթացքում կարմիր բերետավորները շարունակում են ծեծել ցուցարարների։ Նրանցից մեկին ծեծելով տեղափոխում են ոստիկանական շարքերի խորքը, որի ընթացքում այլ ոստիկաններ ևս հարվածներ են նրան հասցնում, այդ թվում՝ մահակով։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները մազերից քաշում և ծեծում պատառոտված հագուստով ցուցարարին։

Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ լուսաձայնային նռնակների կիրառման ընթացքում հավաքի վայրում ընդամենը մեկ շտապօգնության հաշվարկ էր։

Համաձայն եզրակացության, «Հավաքների կազմակերպիչների քաղաքական նպատակները թական չեն իրավունքի պաշտպանության անհրաժեշտության տեսակետից։ Հավաքների պարագայում պետք է գործի դրանցէ խաղաղ լիելուի կանխավարկածը, քանի դեռ առկա չեն կազմակերպիչների և էական քանակի մասնակիցների կողմից բռնություն կիրառելու կամ հրահրելու մտադրության համոզիչ ապացույցներ։ Նման ապացույցներ ներկայացնելը իշխանությունների պարտականությունն է։ Ավելին՝ հավաքի ընթացքում անգամ բռնության դեպքերի առկայությունը չի կարող ինքնին հիմնավորում լինել, որ կազմակերպիչները բռնության մտադրություններ են ունեցել»։ Իսկ այդ հավաքի ժամանակ բնռնակների կիրառմանը չեն նախորդել նման դեպքեր։

Հունիսի 12-ի հավաքի ընթացքը չէր կարող նռնակների կիրառման հիմք լինել, իսկ դրանց անպատասխանատու կիրառումը՝ լրագրոնղներին, վնասվածք ստացածներին օգնություն ցուցաբերողների նկատմամբ կիրառումը, չի կարող դիտվել համաչափ։

«Տեսագրությամբ արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել»։

Զեկույցում հիշատակում է Լևոն Երանոսյանի նախադեպը, որը հունիսի 3-ին մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ 2018 թվականի ապրիլին ցուցասրարների նկատմամբ նման նռնակների կիրառոլու համար։ Եվ այդ դեպքից 9 օր անց այս մյուսը վկայում է, որ քրեական գնահատականը զսպիչ ազդեցություն չի ունեցել։

«Ավելին, հաշվի առնելով անձամբ Ն․ Փաշինյանի կողմից ոստիկանության վերջին գործողությունները անվերապահ արդարացնելը, կարելի է եզրակացնել, որ տարբերակված մոտեցումը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Լ․ Երանոսյանը դատապարտվել է, քանի որ նռնակները կիրառել էր Ն․ Փաշինյանի ղեկավարած հավաքի «դեմ», իսկ Ա․ Հովհաննիսյանը և Հ․ Բաբայանը չեն հետապնդվում, քանի որ դրանք կիրառել են Ն․ Փաշինյանի «օգտին»։

Այս ամենը հաշվի առնելով, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն առաջարկում են. 

  1. Բացառել հատուկ նշանակության գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայությունը հավաքներին, քանի դեռ չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որ ներկա անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է մարդու իրավունքների չափանիշներին և կարող է հավասարակշռված ծառայություն տանել։
  2. Անհապաղ և հասարակության համար թափանցիկ ծառայողական քննություն անցկացնել՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
  3. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
  4. Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճեպ ու միակողմանի հայտարարություններից, օբյեկտիվ քննություն իրականացնել երկու կողմերի գործողությունների առնչությամբ։ Չենթարկվել իշխանությունների՝ քաղաական նպատակահարմարությամբ  պայմանավորված և ոչ իրավաչափ պահանջներին և հայտարարություններին։
  5. Խաղաղ հավաքների կազմակերպիչներին՝ բազմամարդ հավաքների ընթացքում ներգրավել անհրաժեշտ քանակի հավաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս և հավաքի ղեկավարների միջև մշտական կապը և համագործակցությունը ոստիկանության հետ՝ հավաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ