ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» ապրիլի 21-ին նյութ է հրապարակել՝ պնդելով, որ վարչապետի ուղերձի անհաջող կադրերը տարածողն ու այն ծաղրական ներկայացնելու դեպքը կապ ունի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի և «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի հետ:
ՀԺ-ի պնդմամբ՝ Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»։
Գեղամ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են այս հրապարակմանը:
Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, նշել է, որ նյութի իսկությունը ճշտելու համար ՀԺ-ի լրագրողն անգամ չի փորձել կապ հաստատել իր հետ:
«Այսօր մի հիմար իբր լուր է տարածել, որում կա նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտույթուն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրում»,-գրել է նա։
Հարություն Հարությունյանը նշել է, որ լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ երբեք չի գրել և երբևէ դատական հայցով հանդես չի եկել:
«Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը