Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին. տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։
Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։
Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը:
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։
Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը