18 04 2020

​Լպիրշ վերաբերմունքը մարդուն հարիր պահվածք չէ․ Ռուբեն Զարգարյան․ «Առավոտ»

​Լպիրշ վերաբերմունքը մարդուն հարիր պահվածք չէ․ Ռուբեն Զարգարյան․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի պետական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին՝ խոսելով Վեհափառ Հայրապետի հորդորի, Նավասարդ սրբազանի և եկեղեցու դեմ արշավի մասին:

 – Ի՞նչ եք մտածում վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի հայտարարության շուրջ զարգացումների եւ որոշ պաշտոնյաների արտահայտած կարծիքների ու պահվածքի վերաբերյալ:

– Անկեղծ ասած՝ դժվար է «կարծիք» համարել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և Հանրային խորհրդի նախագահի արձագանքը` Վեհափառ Հայրապետի հորդորին․ մարդասիրական խոսքին հակադրվեց մարդատյաց խոսքը։ Անհարգալից արտահայտությունը կարծիք չէ, լպիրշ վերաբերմունքը մարդուն հարիր պահվածք չէ, մանավանդ երբ դրսևորվում է պաշտոնյայի կողմից, որն իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ է համարում եւ խոսում է հոգևոր առաջնորդի մասին։ Ցավով պիտի արձանագրեմ, որ պետական որոշ պաշտոնյաներ՝ թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր մարմիններում, այդպես էլ քաղաքական գործիչ չդարձան, առավել ևս՝ պետական գործիչ․ ընդամենը տեղ են զբաղեցնում քաղաքական դաշտում։ Մտահոգիչ է նաև հասարակության այն հատվածի պահվածքը, որն օրնիբուն համացանցում հայհոյախոսում է։ «Ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, ա՛յն է պղծում մարդուն», – ասում է Տեր Հիսուս։ Ինչո՞ւ եք ինքնապղծմամբ փչացնում ձեզ և մեր միասնական մթնոլորտը։

– Ձեր կարծիքով, կա՞ արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

– Հայ Եկեղեցու դեմ ամենածանր և ստոր մեղադրանքը պետականության դեմ գործելու միտքն է, որը վերջին օրերին ուրվագծվում է որոշ շրջանակների ծանծաղ ուղեղներում։ Եթե այս միտումը որոշակիանա, ապա կլինի դիմահար ամենամեծ արշավը։ Նավասարդ սրբազանի մեղադրանքի հրապարակայնացումը Վեհափառ Հայրապետի հայտնի կոչի հաջորդ օրը տարակույսի տեղիք է տալիս, որքան էլ որ անհաջող ճիգ գործադրվի հակառակն ապացուցելու, առավել ևս Վեհափառի կոչը նենգաբար դրանով պայմանավորելու։

Աստված մի՛ արասցե, որ արշավ սկսվի Եկեղեցու դեմ, մեզանից ոչ ոք չի շահելու, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև հակամարտությունն անդառնալի կորուստներով է հղի։ Ձեր այս հարցի շրջանակում անդրադառնամ վերջերս նկատվող զավեշտալի մի երևույթի․ մի շարք պաշտոնյաներ, հատուկ ընդգծելով իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելը, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հակաեկեղեցական հայտարարություններով ու սանձարձակ կեցվածքով։

Մանրամասները՝ «Առավոտ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ