15 04 2020

Պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի նկատմամբ այլ պատժի տեսակ է ընտրվել

Պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի նկատմամբ այլ պատժի տեսակ է ընտրվել

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից եւ հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ շրջանակներում մինչեւ ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:

Դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են:

Որպես կանոն՝ դատարանների կողմից եւս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում:

Դրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության:

Միեւնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներից նույն ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, եւս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ:

Գործընթացը շարունակվում է, առկա են դատարաններ ներկայացված՝ անձանց նկատմամն խափանման միջոց կալանքի փոփոխման միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաեւ մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:

Հարկ է ընդգծել նաեւ, որ դատախազները, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից եւ գնահատելով ազատության մեջ հայտնվելու պարագայում մեղադրյալի վարքագծային ռիսկերը՝ առանձին գործերով չեն առարկում վերջիններիս պաշտպանների կողմից դատարաններ ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին:

Դատախազությունը չափազանց կարեւորում է այս գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնվող անձանց հետագա պատշաճ վարքագիծը եւ խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման ժամանակ ելակետային է համարում նաեւ հատկապես քննությունից թաքնվելու եւ պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցագործություն կատարելու ռիսկերը:

Ելնելով դրանից՝ գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնված անձանց տվյալները փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարտադիր պահանջների կատարման, ինչպես նաեւ նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ