Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:
Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:
Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:
Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը