06 04 2020

Ցամաք հացով ենք յոլա գնում․ Վեդու ջրամբարի շինարարները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Ցամաք հացով ենք յոլա գնում․ Վեդու ջրամբարի շինարարները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Շուրջ երեք ամիս է՝ Վեդու ջրամբարի շինարարներն աշխատավարձ չեն ստանում։ Այս մասին Yerevan.Today-ին ահազանգեց «Սահակյանշին» ՓԲԸ աշխատակիցը։ Նա ասաց, որ ընկերությունն ունի 50-60 աշխատակից, որոնք այս երեք ամսվա ընթացքում աշխատավարձ չի ստացել։ 

«Յուրաքնչյուրի  ամսական աշխատավարձը 150-250 հազար դրամ է։ Ասում են՝ կտանք, էսօր-վաղը, էսօր-վաղն են անում։ Լսում ենք՝ հսկայական գործեր է անում, բայց բանվորի գումարը չի տալիս, պրարաբներինը չի տալիս, հա գործ են պահանջում գումարն էլ չեն տալիս։ Աշխատանքն անում ենք, ասում է՝ կտանք, ուզում եք՝ աշխատեք, ուզում եք՝ մի աշխատեք։ Անցնում է մի ընաթացք, բերում-տալիս է, բայց արդեն 3 ամիս է չի տալիս։ Անցյալ տարի լրագրող հրավիրեցինք, որից հետո գումարը փոխանցեցին»,- ասաց մեր զրուցակիցը։

«Հստակ պարզաբանում  չկա, արդեն սովորել ենք այս վիճակին։ Այնպես չի, որ փող չունի․ ունի, ուրիշ բաների վրա է ծախսում, մեզ էլ ասում է՝ կտամ։ Ասում է, իբր ֆրանսիացին չի տվել գումարը, ֆրնասիացին էլ ասում է՝ տվել եմ։ Մենք էլ գիտենք, որ ամսվա մեջ մի քանի հատ տեխնիկա է առնում, բա էդ փողերը որտեղի՞ց»,- ասում է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ ընտանիքը պահում է պարտքով գումար վերցնելով․  «Գյուղացի ենք, սրանից- նրանից պարտքով գումարը վերցնում ենք, ցամաք հացով ենք յոլա գնում։ Ես իմ աշխատածն եմ ուզում, էդ մարդու դեմ ոչինչ չունեմ, թող ժամանակին մեր գումարը տա։ Էս վրուսներն էլ ընգել է մեջտեղ, դեղի գումար գոնե ունենանք»։

Փորձեցին կապ հաստատել նաև «Սահակյանիշին» ՓԲԸ-ի հետ՝ իրավիճակը հանգամանորեն ներկայացնելու ակնկալիքով, բայց ընկերության անվան տակ գործող հեռախոսահամարներն անհասանելի էին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ