Ոռոգման շրջանին ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների մաքրման և պոմպակայանների նորոգման լայնածավալ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մաքրման աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի և Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը:
ՏԿԵՆ ջրային կոմիտեի, «Ջրառ» ՓԲ ընկերության և ջրօգտագործող ընկերությունների ջանքերով կենցաղային, շինարարական աղբից մաքրվել և վերականգնվել են ջրամատակարարման համակարգերի շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:
«Ջրառ» ՓԲ ընկերության կողմից մաքրման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաև Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում:
Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի և Արարատի մարզերում գործող ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին:
Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում նախատեսել է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ 3000 հա ավելացնել ոռոգելի տարածքները: Արփա-Սևան թունելով արդեն իսկ Սևան է տեղափոխվել 34 մլն 567 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը