04 04 2020

Մթերքի թանկացումն ավելացնում է թույլ իմունիտետ ունեցող մարդկանց թիվը. Հրանուշ Խառատյան

Մթերքի թանկացումն ավելացնում է թույլ իմունիտետ ունեցող մարդկանց թիվը. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է համավարակի ընթացքում չհիմնավորված թանկացումներին և հարցադրում արել, թե արդյոք կարիք չկա Արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ անել՝ դրա դեմն առնելու նպատակով: Գրառման մեջ ասվում է.

«Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գտեք»-ը վտանգավոր խորհուրդ է: Սա սովորաբար անճարակության վկայություն է: Հավասարազոր է «կարտոֆիլ կերեք»,«հարևանից պարտք արեք» դասական մերժելի անճարակության դրսևորուներին: Փոխարինիչի, կարտոֆիլի, հարևանի տեղը մարդիկ գիտեն, եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա էլ, ավելի լավ է լռել: Հիմա՝ ըստ էության:

Երկու շաբաթ առաջ երկրի վարչապետն ասաց, որ նույնիսկ առանց նոր բեռնափոխադրումների երկրում մթերքի պահեստներն առնվազն երկու ամսվա պաշար ունեն: Պե՞տք է արդյոք ենթադրել, որ դա փոխարինիչների պաշար է: Այլապես «դրսի թանկացման» և «շուկայի ինքնակարգավորման» փաստարկը չի աշխատում: Առնվազն պահեստի մթերքը ձեռք է բերվել դեռևս չթանկացած շրջանում, ներկայիս չհիմնավորված թանկացումները ժանտախտի շրջանում գերշահույթների մրցավազքի և թալանի նման է: Հնարավոր է, որ Թեղուտով Լոռու մի ահռելի հատվածի բնակչության տնտեսական դրությունը, սեփականությունը, ջուրը, օդը, անտառը փչացնելու տխուր փորձը «ազատ շուկայի» մասին մեր ֆինանսների նախարարի տեսական գիտելիքները մի փոքր տեղափոխել է բնակչության հաշվին անհատների գերհարստացմանն օգնելու գործնական հարթություն, բայց դա կարող է, չէ", հավասարակշռվել երկրի օրենսդիր իշխանության՝ Թեղուտի նման փորձերով դեռևս «չիմաստնացած» ԱԺ երիտասարդ կազմի միջամտությամբ:

Ի՞նչ է ասում այս դեպքում երկրի օրենսդրությունը: Կամ գուցե անհրաժեշտություն կա Արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխությու՞ն առաջարկել: Թե չէ այս թագաժահր կոչվողը խփում է հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցողներին, իսկ մթերքի թանկացումը ավելացնում է մեր բնակչության մի ստվար մասը, որն առանց այն էլ թույլ իմունային համակարգ ունի: Սա գործնական և իրավիճակին համաչափ առաջարկություն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ