04 04 2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ Կիև-Երևան հնարավոր չարտերային թռիչքների մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ Կիև-Երևան հնարավոր չարտերային թռիչքների մասին

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

«Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։

Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։
Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։

 ԿԻԵՎ–ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք նաև, որ այս օրերին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։ Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։ Պետք է նշել, որ առայժմ մենք #ՉԵՆՔ #ԿԱՐՈՂ երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։

Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է»,- նշվում է հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ