Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին երկու օր անց: Մարտի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, դարձյալ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրավապահները ստուգեցին Հնաբերդ փողոցի 62-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԻԺ-27175» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը