30 03 2020

Ինչի՞ց է թունավորվել երեխան. մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության

Ինչի՞ց է թունավորվել երեխան. մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության

ՍԱՏՄ-ն անդրադարձել է դեպքին, երբ մարտի 29-ին քաղաքացի Սեւակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, եւ ինքը շտապ օգնություն է կանչել:

Նա ցույց է տվել նաեւ «Երեւան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել եւ թունավորվել է երեխան:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ:

ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաեւ «Երեւան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները, եւ ընդհանարպես ողջ մսամթերքը, պահվում են սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018 թվականը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաեւ հիվանդանոց տեղափոխված երեխային, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Երեխայի ինքնազգացողության վատացման պատճառների մասին հայտնի կլինի մի քանի օր անց: 

Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր տրվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ