«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 31-ին կայանալիք Արցախի համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրում էր ստացել։ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պարետատան սահմանափակումները՝ ինչպես նաև ընտրությունների ընթացքում դիտորդական հավուր պատշաճի ներկայություն ապահովելու մեր հանձնառությունը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ էա հաստատել Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, ինչպես նաև՝ Պարետատան հետ՝ պարզելու դիտորդների մեկնման մանրամասների և հնարավոր սահմանափակումների մասին տեղեկատվություն (ձայնագրություններն առկա են)։ Մեզ հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց․ «Մեքենայով գնալու դեպքում պետք է պահել Պարետատան պահանջը՝ 1 հոգի կարող է լինել մեքենայի մեջ` վարորդից բացի, ունեցեք ձեզ հետ ձեր թերթիկը, ձեր բեյջը ունեցեք՝ ընտրությունը լուսաբանելու, ձեր լրագրողական թերթիկը և անձը հաստատող փաստաթուղթ»։ Հարցին, թե հավելյալ խնդիրներ չե՞ն լինի նշված փաստաթղթերի առկայության դեպքում, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Այս պահին հավելյալ ինչ-որ բան չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, ձեզ հետ կապի մեջ կլինենք»։
Պարետատան հետ վերջապես կապ հաստատելուց հետո, օպերատորին ներկայացանք, ապա՝ մեզ խնդրեցին սպասել։ Մի քանի րոպե անց, այլ օպերատոր միացավ և կազմակերպության անունը ճշտելուց հետո, ասաց, որ կարող ենք գնալ։ Նշեցինք, որ տեղյակ ենք, որ դիտորդները կարող են գնալ, մեզ հետաքրքրում է, թե արդյոք իրականացվո՞ւմ է դիտորդների ստուգում, եթե այո, ապա՝ ինչպես։
«Ի՞նչ նկատի ունեք ստուգում ասելով՝ բոլորին էլ ստուգում են, եսիմ ինչ չեն ստուգում, ստուգում են՝ ոնց եք զգում»։ Հարցին, թե որտե՞ղ է իրականացվելու ստուգումը, պատասխանեցին, որ «կետում, անցնելիս»։ Մեր ճշգրտող հարցին՝ թե սահմանային անցակետո՞ւմ նկատի ունեն, և արդյոք դա՞ է ամբողջական տեղեկատվությունը դիտորդների համար, պատասխանեցին՝ «այո»․ «Այդքանը, դուք կարող եք գնալ, շատ-շատ դեպքերում պարզ է՝ չի թույլատրվում, բայց դուք կարող եք գնալ, ուղղակի ստուգում եք անցնելու սահմանային անցակետում»։
Լիահույս ենք, որ կապահովվի դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և լրագրողների անխափան գործունեությունը, իսկ անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները կանցնեն հավուր պատշաճի։
Հ.Գ. Ստացվում է երկակի իրավիճակ, երբ դիտորդական առաքելության մասնակից անձանցից մեկին թեստավորում են, մյուս դիտորդին՝ հորդորում անցակետում պարզել առողջական վիճակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը