Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված Գլխավոր դատախազության կողմից մարտի 26-ին տարածված հաղորդագրության հետ, որում նշվում էր, որ համալսարայում առերևույթ չարաշահումներ են տեղի ունեցել, ինչի առթիվ հարուցվել է քրգործ: Պարզաբանման մեջ ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության հիման վրա տարբեր լրատվամիջոցներ պատրաստել են տարբեր «աղմկահարույց» վերնագրերով նյութեր, որոնք իրականության հետ հաճախ աղերս չունեն։
Նախ, այն նյութերը, որոնք դեռ ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության տիրույթում են, հուսով ենք բազմակողմանի և անաչառ քննության կենթարկվեն, իսկ լրատվամիջոցներին տեղեկացնում ենք, որ <<Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամը 2016 և 2019 թթ․ երկու ընկերությունների հետ մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով պայմանագրերը կնքել է գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության նորմերին ու պահանջներին համապատասխան կազմակերպված գնումների գործընթացի արդյունքում։ Այն հանգամանքը, որ նշված ընկերությունները գնման գործընթացում կամ պայմանագրի գործողության ընթացքում թույլ են տվել խախտումներ, որոնք մանրամասն շարադրված են հաղորդագրությունում և որոնց հիմքով հարուցվել է քրեական գործ, և դրանք դեռևս պետք է հիմնավորվեն քրեական գործի շրջանակներում կատարվող քննությամբ, վերաբերում են միմիայն այդ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությանը, և Մանկավարժակսն համալսարանի համար թե՛ հարկային, և թե՛ իրավական հետևանքներ չեն առաջացնում։
Ինչ վերաբերում է համալսարանի ռեկտորի որդու անվան շահարկմանը, ապա տեղեկացնում ենք, որ այն բացարձակապես անհիմն է. ռեկտորի որդին 2009 թվականից սովորել, ապա և ապրում ու աշխատում է ՀՀ ի սահմաններից դուրս։ Նա երբևէ որևէ առնչություն չի ունեցել "Դպրոց" ՍՊԸ- ի հետ։ Իսկ իրականությանը չհամապատասխանող որևէ զրպարտություն ենթակա է քրեական հետապնդման՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի N 333 (սուտ մատնություն) հոդվածի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը