25 03 2020

Ոստիկանները բռնել են Գյումրու համայնքապետարանի աշխատակցին` պահանջած փողը վերցնելու պահին



Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։

Գյումրու բնակիչը հրավիրվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։

Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ