Պարետի որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը։ Այս մասին հայտնեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։
«Հանրային իշխանության բոլոր մարմիններին՝ րահանգված է գործունեությունը հնարավորինս իրականացնել հեռավար, առցանց, առանց այցելելու համապատասխան վարչական շենքեր։ Նույն որոշման համաձայն, վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»,- նշեց նա՝ հավելելով, որ չեն գործելու նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները։ Քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու համար։
«Եթե անհնար է փակել այդ ծառայությունը, այն կենսական նշանակություն ունի, այդ դեպքում հրահանգված է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն ապահովեն նվազագույն թվով աշխատակիցներ գրասենյակում»,- ասաց Քրմոյանը։
Ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազար դրամի չափով։ Սուրեն Քրմոյանը նշեց․
«Իսկ եթե այդ խախտման հետևանքով տեղի է ունեցել այլ անձի վարակում, կարող է ընդհուպ քրեական պատասխանատվության հարց քննարկվել։ Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն աչալուրջ կգտնվեն և այս կանոնները չեն խախտի»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը