18 03 2020

Արցախում անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն․ Վիտալի Բալասանյանի ուղերձը



Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը:

Արցախը և Հայաստանը իարից մեկուսացված տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր հիվանդ լինելու մասին:

Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան` թե հիվանդությունների առանձին դեպքեր կամ՝ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը, իհարկե, փակ է մարդկանց համար, բայց ոչ` կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր:

Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար: Նման իրավիճակում բժիշկներն ու համաճարակաբանները միայն մեկ խորհուրդ են տալիս՝ հայտարարել արտակարգ դրություն, փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումները և խստրեն պահպանել կարանտինի պահանջները:

Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր արտակարգ միջոցառումները, որոնք այժմ ձեռնարկվում են Հայաստանում: Անհրաժեշտ է Արցախը ապահովել թեստերով, դիմակներով, ալկոհելերով և, իհարկե, մասնագետներով, որոնք ունակ են վերահսկել իրավիճակը: Անհրաժեշտ է նաև պաշտպանել բժիշկների առողջությունը:

Սիրելի՛ արցախցիներ,

Ես կպահանջեմ, որ այդ որոշումը կայացվի իշխանությունների կողմից: Բայց մինչ իշխանությունները մտածում և ձգձգում են, մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք սեփական և մեր հարազատների առողջության համար: Ես կոչ եմ անում ինքնուրույն պահպանել արտակարգ դրության պահանջները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ