18 03 2020

Հայկական Կարմիր խաչը կաջակցի միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց

Հայկական Կարմիր խաչը կաջակցի միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով ՀՀ կառավարությանը մարդասիրական ոլորտում աջակցող կառույց և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացված լինելով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները

. Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։

ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։ ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։ Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։ Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։

ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ