Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
ԱԳՆ-ն նաև հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը