06 03 2020

Ծաղկաձորում ֆլեշմոբ է․ փորձում են ուղղել իշխանության սխալները

Ծաղկաձորում ֆլեշմոբ է․ փորձում են ուղղել իշխանության սխալները

Աշխարհում մոլեգնած Կորոնավիրուսը չշրջանցեց նաև Հայաստանը: Մարտի մեկին ՀՀ վարչապետն իր էջում տեղեկացրեց Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքի մասին։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։

Կառավարության որոշմամբ վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ տեղավորվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Նրանք այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Իրենց արած քայլից իշխանության ներկայացուցիչները հրճվանքի մեջ ընկան, մեծագույն հումանիստություն որակեցին, հետո էլ իրար հերթ չտալով շտապեցին Ծաղկաձոր՝ համոզելով, որ այնտեղ ոչինչ չի փոխվել:

Ընդդիմադիր տարբեր պատգամավորներ, քաղաքական տարբեր գործիչներ ահազանգում են պարբերաբար, որ դա սխալ որոշում էր, ինչի հետևանքով զբոսաշրջիկները լքում են Ծաղկաձորը, ամրագրումները՝ չեղարկում: Իշխանությունն անդրդվելի է, ի պատասխան էլ միջազգային մամուլի անդրադարձով են կիսվում՝ թե բա տեսեք Հայաստանում 5 աստղանի կարանտին են կազմակերպել: Վերջում էլ հորդորում խուճապ չտարածել:

Մինչ «Իմ քայլը» ցնծում է իր քայլից, Հայաստանի զբոսաշրջության ամենակարևոր գոտիներից մեկը հարամարվող Ծաղկաձորի հյուրանոցների աշխատակիցները և մի շարք երիտասարդներ օնլայն հարթակներում արշավներ են սկսում՝ #ԵկԾաղկաձոր հեշթեգով: Տրամաբանական է, չէ՞, որ եթե ամեն ինչ փոխված չլիներ, սոցիալական այս նախաձեռնությունների կարիքն էլ չէր լինի:

Ամբողջ աշխարհում համաշխարհային տուրիզմը վնասներ է կրում կորոնավիրուսի տարածման հետ կապված, դա բնական է, բայց թե ինչ հիմնավորմաբ է պետք կարանտինային գոտի դարձնել ամենազբոսաշրջային գոտին և դրանով իսկ վնասել զբոսաշրջությանը, դա առանձին տրամաբանություն է կամ դասական պոպուլիզմ, որը, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ լի է վտանգներով և վնասներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ