03 03 2020

«5-աստղանի կարանտին». միջազգային մամուլը՝ «Գոլդեն փելես»-ի մասին

«5-աստղանի կարանտին». միջազգային մամուլը՝ «Գոլդեն փելես»-ի մասին

Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական և թուրքական լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»:

RT և NTV լրատվամիջոցները գրել են, որ մինչ աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի  վարակով կասկածվող անձանց նույնիսկ բռնության են ենթարկում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կասկածվող 32 քաղաքացու մեկուսացրել է 5-աստղանի հյուրանոցում: Լրատվամիջոցները նշել են, որ հյուրանոցը, որտեղ տեղակայվել են կորոնավիրուսի կասկածով 32 անձինք, գտնվում է Երևանից 50կմ հեռու, ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա, ունի օլիմպիական լողավազան և, նույնիսկ` խաղատուն:

Թուրքական NTV-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ հանդերձանք կրող մարդիկ սնունդ բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված անձանց:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ