«Հետք»-ը գրում է․
«Վերջին երեք տարիներին հողի վաճառքը մեծ չափերի է հասել Ծաղկաձորում։ Պահանջարկ ունեն բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որովհետև իշխանություն և փող ունեցողները քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում։ Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։
Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել։
2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։ Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլոք։
Հողային օրենսգրքով նախատեսված՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարելու կիրառումն ապահովելու նպատակով կառավարության 2016թ․ N 550-Ն որոշումը թույլ է տալիս ընդլայնման նպատակով հողամասն օտարել ուղղակի վաճառքով, եթե անհնար է այն որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով։ Սույնով անհնարինությունը որոշելու չափորոշիչներ են սահմանվել, և Ծաղկաձորի համայնքապետը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծերը հիմնավորելու համար մեջբերումներ է կատարել այդ որոշումից։
Ուղղակի վաճառքով օտարված հողակտորներից մի քանիսի չափերը և գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կառավարության N 550-Ն որոշումով ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը