17 02 2020

Հրապարակվել է «Այո»-ին կողմ պատգամավորների ցանկը

Հրապարակվել է «Այո»-ին կողմ պատգամավորների ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Փետրվարի 17-ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Այն շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

 Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ փետրվարի 15-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի՝ թեև խմբակցությունն ԱԺ-ում դեմ է քվեարկել հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մյուս ուժերին ևս կոչ է արել «Ոչ»-ի ճակատ չձևավորել:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ևս «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու մասին չեն հայտարարել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցելու գործընթացին, ՀՅԴ-ն հանրաքվեն բոյկոտելու կոչ է արել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ