07 02 2020

Ճարտարապետների պալատը մտահոգ է Վերմիշյանի ձերբակալման հարցով

Ճարտարապետների պալատը մտահոգ է Վերմիշյանի ձերբակալման հարցով

Հայաստանի ճարտարապետների պալատն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կոռուպցիոն գործընթացների մեջ կասկածանքով ձերբակալման առնչությամբ՝ համարելով այն արդեն իսկ բարոյական մեծ հարված մասնագիտական հանրության վարկանիշին։ Այս մասին ասված է Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարության մեջ։

«Վերջին օրերի զարգացումներից մասնավորապես ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կոռուպցիոն գործընթացների մեջ կասկածանքով ձերբակալման՝ հանրությանը տեղեկացված փաստի առնչությամբ, Հայաստանի ճարտարապետների պալատն իր խորը մտահոգությունն է հայտնում, համարելով այն արդեն իսկ բարոյական մեծ հարված մասնագիտական հանրության վարկանիշին։ Համոզված լինելով, որ կատարվածը կստանա իր անաչառ իրավական գնահատականը, մերժելի և դատապարտելի ենք համարում հանրային պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերների կողմից պաշտոնի չարաշահման բոլոր դեպքերն ու երևույթները թե՛ նախկինում և թե՛ առավել ևս՝ այժմ նոր Հայաստանում:

Բացառելու համար ապագայում նմանատիպ դեպքերը կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ականջալուր լինել ու պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի ճարտարապետների պալատի ու դրա անդամների կողմից բազմիցս հնչեցված մտահոգություններին ու առաջարկություններին և օր առաջ նախաձեռնել դրանց լուծմանը միտված խորքային բարեփոխումների աշխատանքները։

Հայաստանի ճարտարապետների պալատը, որպես ինքնակարգավորման սկզբունքով միավորված մասնագետներին՝ ճարտարապետներին և ճարտարագետ-կոնստրուկտորներին ներկայացնող ընդգրկուն միավորում, «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով և առհասարակ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու և աջակցելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մասնագիտական խնդիրների քննարկմանն ու լուծմանն ուղղված աշխատանքներին։ Միաժամանակ հայտնում ենք, որ պալատը պատրաստ է ներկայացնել ոլորտը ճգնաժամից դուրս բերելուն միտված սեփական տեսլականը, ինչպես նաև մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ճանապարհային քարտեզը»,-նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ