Կառավարությունը 30 տոկոսով բարձրացրեց քրեակատարողական հիմնարկների աշախատակիցների աշխատավարձը: Այդ նպատակով կպահանջվի 1,578,585.7 հազ. դրամ:
Քրեակատարողական ծառայության հաստիքացուցակում 2019 թ. օգոստոս ամսվա դրությամբ արձանագրված թափուր հաստիքների քանակը կազմում է 179, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար և կրտսեր խմբի պաշտոնները, տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Թափուր հաստիքների առկայությունը պայմանավորված է նշված հաստիքները զբաղեցնող ծառայողների ցածր աշխատավարձով՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ծառայողներն են իրականացնում քրեակատարողական ծառայության ամենավտանգավոր և ռիսկային գործառույթները, քանի որ քրեակատարողական ծառայողներն անմիջական շփման մեջ են գտնվում քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով կալանավայրերի համակարգում աշխատանքն ընդունվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում է հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով»,- նշեց Բադասյանը:
Ըստ նախարարի՝ հարկավոր է էականորեն բարձրացնել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը և ներգրավել որակյալ կադրեր, ավելացնել աշխատակիցների սոցիալական երաշխիքները, քրեակատարողական հիմնարկներում ավելացնել հսկիչների թիվը, նրանց համար ստեղծել ծառայողական բարեկարգ պայմաններ, իսկ առկա պայմանները՝ բարելավել, իրականացնել նաև կադրային փոփոխություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը