16 01 2020

«5-րդ ալիքի» անձնակազմը ստացել է Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը. հայտարարություն

«5-րդ ալիքի» անձնակազմը ստացել է Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը. հայտարարություն

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի և գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով:

«5-րդ ալիքի» լրագրողը և օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը և ծննդկանի գրավոր համաձայնությունը: Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի և գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով և բախիլով):

Ընդունում ենք նախարարության մտահոգությունը և խոստանում այսուհետև ավելի ուշադիր լինել: Մեր հերթին հորդորում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում արդյոք ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանն իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ:

Հույս ունենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը տեղի չի տա նախարարի կանխարգելիչ հարվածներին և վարույթ կհարուցի այդ խիստ կարևոր հարցի պատասխանը տալու համար: Ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելու»՝ «5-րդ ալիքի» «անհագ ցանկությունը զսպելուն», առողջապահության նախարարությանը հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը «5-րդ ալիքի» խմբագրական քաղաքականությանը միջամտելու անհագ ցանկություն է արտահայտում), չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունն իրեն վերապահում է լրագրության մեծավարպետի դեր) և, նախևառաջ, մտահոգվել ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային «առողջապահական» նախաձեռնությունների ճակատագրով: Առողջություն և արդյունավետ աշխատանք ենք մաղթում նախարարության մեր գործընկերներին և առողջ համագործակցության հույս հայտնում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ