Երգչուհի Նունե Եսայանը գրում է․
«Ողջույն։ Մոտենում է Ամանորը եւ որպես տարվա ամփոփում՝ կցանկանայի ասել իմ խոսքը։ Որպես նախաբան ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկաց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին, կեղծն ու շիտակը, մի խոսքով՝ բանականությունը չկորցրած մարդկանց, ովքեր իմ կողքին են։
Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո ու նվիրվածության շնորհիվ ես էլ իմ կողմից Ձեզ երախտապարտ լինելով՝ բարձր ենք պահել Նունե Եսայան անունը։ Հիմա մի քանի ճղճիմ եւ չկայացած արարածներ, մեր տարիների ձեռքբերած անունը օգտագործելով, փորձում են ինքնահաստատվել։ Ինձ դավաճան դարձնելով՝ դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով՝ դուք սուրբ չեք դառնա։
Այս ամենը սկսվեց դեռ մարտի 1-ից։ Ես ներողություն եմ խնդրում մարտի 1-ի զոհերի ծնողներից եւ հարազատներից այն ստոր լրագրողի անունից, ով կարողացավ իմ ամունը օգտագործելով՝ այդքան ցավ պատճառել Ձեզ, այն մարդկային արժանիքներից զուրկ խմբագրի անունից, ով առանց նյութի հավաստիությունը ստուգելու հրապարակեց նյութը եւ այդքան ցավ պատճառեց եւ՛ Ձեզ, եւ՛ ինձ։
Միայն սրբապիղծ արարածը կարող էր էդպես վարվել։ Չեմ կարծում, որ ինձ համարեք այդպիսին։
Հայրենիքին ու հայրենասիրությանը անդրադարձողներին ուզում եմ հարց տալ՝ գոնե մեկ անգամ եղե՞լ եք սահմանին կամ սահմանը պահող զինվորի կողքին։ Ես եղել եմ շաաաաատ անգամներ եւ՛ ֆիզիկապես, եւ՛ իմ երգով, եւ՛ խաղաղ, եւ՛ վտանգի պահին։ Հայրենիքը չեն սիրում խոսքով՝ սիրում են գործով, Հայրենիքը չեն սիրում փնովելով, սիրում են մեծարելով։ Փորձում եք կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը՝ չի ստացվի։ Ես ապրում ու արարում եմ իմ՛ Հայրենիքում։ Թշնամի եք փնտրում յուրայինների մե՞ջ: Դավաճան եք անվանում մի մարդու, ով Ստամբուլում երգում է Մուշ, Սասուն, Արարատ եւ մեր հողերը՝ մերը՛ լինելու մասի՞ն, ով ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով սփյուռքի բազմահազարանոց հանդիսատեսի համար 20 երկրում անվճար համրգներ է ունենո՞ւմ, ում բարեգործական գործունեությունը հաշիվ չունի՞:
Հիշեք՝ ձեր չարությամբ ակամա անում եք թշնամու գործը։ Սթափվե՛ք։ Որոշել եք բոյկոտել իմ համերգնե՞րը։ Փորձեք: Մի քանի հարյուր հոգի հազարավորների դե՞մ: Պարտությունը ակնհայտ է։ Նկատեցի մի գրառում, որտեղ ոմն x դրդում է բոյկոտել Փարիզի մոտակայում կայանալիք համերգը։ Համերգ, որը նվիրված է Աստղիկ պարախմբի 15-րդ ամյակին, պարախումբ, որ տարիներ շարունակ օտար երկրում համառորեն պահում է հայ արվեստը այդքան հայրենասեր եւ նվիրյալ մարդկանց շնորհիվ, որտեղ իմ մասնակցությունը լինելու է մի քանի երգով։ Նույնիսկ եթե ներկա չլինեմ, նրանք կպարեն իմ երգի ուղեկցությամբ։ Արթնացե՛ք։ Վատ երազ է։ Կանցնի։
Հայրենակիցնե՛ր, Ձեզ նույնպես խնդրում եմ, մի՛ հավատացեք այն ստոր հերյուրանքներ տարածող սակավաթիվ մարդուկներին, որոնք սեփականաշնորհելով ազգին՝ խոսում են ազգի անունից։
Հավատացե՛ք Ձեր խղճին եւ բանականությանը։ Ես էդպես եմ ապրում։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստա՛հ եղեք, որ Ձեր ստեղծած ու սիրելի երգչուհուն ոչ ոք չի կարող նեղացնել։ Խոստանո՛ւմ եմ։ Մենք դեռ շատ անելիք ունենք միասին։ Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ։ Աստված պահապան Մեր ազգին, Մեր երկրին, Մեր ժողովրդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը