Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:
«Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, միության անդամ պետությունների աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատանքի, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014 թվականից ի վեր, միության անդամ պետությունների հետ միասին»,- «ՌուսԱրմԻնֆո»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն: Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը, ինչպես նաև «արտահանվելիք» կենսաթոշակները:
Նշվում է նաև, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատող ներգաղթյալների կենսաթոշակային իրավունքները ոչ բոլոր երկրներում են ձևավորվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը