2019թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 498 հոդված, որոնցից 116-ը եղել է բացասական, 46-ը՝ դրական, 336-ը՝ չեզոք։
Այս տասնօրյակում ԲՀԿ առաջնորդի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Ըստ տեղեկությունների, լայնածավալ ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։ Մեկ այլ տեղեկության համաձայն, արգելանք է դրվել ԲՀԿ առաջնորդի որդու՝ Հայաստանից դուրս գալու վրա։ Երևանի քաղաքապետարանը Գագիկ Ծառուկյանի «Օլիմպավան»-ի կառուցման առնչությամբ հայտարարել է, որ այն խախտումներով է իրականացվել։
Շարունակվում են քննարկումները արաբ ներդրողների հետ կապված։ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, ասել է. «Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»:
Ծաղրանկար է հրապարակվել, որտեղ ներկայացված են արաբական ազգային հագուստով ԲՀԿ-ական պատգամավորները և Գագիկ Ծառուկյանը, ում վերագրվել է հետևյալ խոսքը. «Շեյխեր և շեյխուհիներ, որ հարցնեն, թե որտեղից եք, կասեք՝ Ադի Բուդիից»։
Սոնա Ղազարյանն, անդրադառնալով քաղաքապետարանին կամազներ նվիրաբերելու հարցին, հայտարարություն է տարածել, որը, ըստ լրատվականների, ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ. «Իսկ ինչ վերաբերում է մեր բավական ռիսկով քաղաքական ուժերին, ուզում եմ վստահեցնել, որ անսահման քանակությամբ կամազներ նվիրելու պարագայում էլ նրանց անօրինական շինարարությունը չէր շարունակվի: Թեկուզ այն գտնվում է Աբովյան փողոցում, թեկուզ այն բոլորին հայտնի Կեմպինսկի հյուրանոցն է»։
Խաչատուր Սուքիասյանն էլ, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ Հայաստանում ներդրումների համար բավարար պայմաններ չկան, ասել է, որ համամիտ չէ նրա հետ։
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ ասել է, որ պարոն Ծառուկյանի նպատակն էր, որ շտկվեն այն բոլոր սխալները, որոնք թույլ էին տրվել և խոչըդոտել էին մասշտաբային նախագծի իրականացմանը։ Մի շարք քաղաքական գործիչներ, և հնգամարտի ֆեդերացիան սատար են կանգնել Ծառուկյանին արաբ ներդրողների հետ կապված սկանդալից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը