11 12 2019

Պետք է բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը․ Դավիթ Տոնոյան

Պետք է բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը․ Դավիթ Տոնոյան

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները, դրական միտումներն ու բացթողումներն ու առկա խնդրահարույց հարցերը: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, զինակոչիկների բժշկական համակողմանի  հետազոտության և փորձաքննության տվյալներին, տարածքային զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքներին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է առաջիկա զորակոչի ընթացքում ևս արդարության ու թափանցիկության մթնոլորտի շարունականության ապահովումը, կոռուպցիոն երևույթների խիստ բացառումը և ընդգծել, որ նախորդ՝ 2019թ. ամառային զորակոչը, ընդհանուր առմամբ, անցկացվել է կազմակերպված և առանց խոչընդոտների:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ կառույցների և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, որի նպատակն է  առավել ամրապնդել բանակի ու հասարակության սերտ կապը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունն ու աջակցությունը: Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ձմեռային զորակոչի ամբողջ գործընթացը, բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը և ըստ այդմ՝ առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը:

Դավիթ Տոնոյանը, հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանզի այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ