Նոր Հայաստանի կառավարության հերթական աղմկահարույց որոշումը Հայաստանում գործող 4 գիշերօթիկ հաստատությունների և 1 մանկատան լուծարումն է։
Արդեն դեկտեմբերի 1-ից որոշումն ուժի մեջ է մտել՝ բացառությամբ Գյումրու թիվ 2 գիշերօթիկի, որի լուծարման գործընթացը կսկսվի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:
Նշենք, որ Հայաստանում գործում է 4 գիշերօթիկ հաստատություն և 6 պետական մանկատուն, որտեղ խնամվում է համապատասխանաբար 260 և 613 երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշում է, որ գիշեօթիկները փակելու նպատակը երեխաներին ընտանիք վերադարձնելն է: «Լավագույն մանկատունը կամ գիշերօթիկը չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին»,- ասում է նա։
Սա միանշանակ է։ Երեխաները պետք է ապրեն իրենց ընտանիքում, եթե կան ապրելու համապատասխան սոցիալական, բնակարանային պայմանները, և որտեղ ընտանեկան մթնոլորտն առողջ է, սակայն գիշերօթիկներում և մանկատներում երեխաները հայտնվում են առաջին հերթին սոցիալ- տնտեսական ծանր պայմաններից ելնելով․ ինչպե՞ս է նախարարությունը երեխաներին ընտանիք վերադարձնում, երբ որևէ տեսանելի և շոշափելի քայլ չի իրականացվում այդ երեխաների ընտանիքների սոցիալական կյանքը բարելավելու համար։
Գիշերօթիկներում երեխաները չեն հայտնվում ինչ-որ մեկի ցանկությամբ կամ լավ կյանքից․ մենք ապրում ենք մի երկրում , որտեղ աղքատությունն ու գործազրկությունը հասարկության և պետության աքիլլեսյան գարշապարն է։
Հետևաբար, արդյո՞ք առավել նպատակահարմար չէր լինի նախարարության կողմից իր «բարեփոխումների» ճանապարհին չթիրախավորեր ամենախոցելի խմբերից մեկին և այդ «բարեփոխումները» վերջից սկսելու փոխարեն առաջին հերթին լուծվեր երեխաներին խնամատար ընտանքիներ տեղափոխելու խնդիրը, ապա ապահովվեր անհարժեշտ պայմանները երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, որը և՛ սոցիալական պայմաններն է, և՛ բարոյահոգեբանական։
Արդյքո՞ք ուսումնասիրվել է, թե այդ երեխաները վերադառնալով ընտանիք, ինչ պայմաններում են ապրում, ինչպիսի կրթություն նրանք կարող են ստանալ և ի վերջո ով պետք է դառնան։
Այստեղ գործ ունենա նաև գործազրկության հետ։ Այդ հաստատություններում աշխատողներն աստղաբաշխական աշխատավարձ չեն ստանում, և հազիվ են կարողանում ապրել ստացած աշխատավարձով։ Իսկ կառավարությունը նրանց պարզապես անելանելիության գիրկն է նետում։
«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել», – օրերս ասաց վարչապետը։ Նա, սակայն, չասաց, թե ՊՈԱԿ-ները փակելու որոշումից հետո ինչ խնամք է տեղի ունենալու։ Պատասխանները չկան։
Խնդիրների լուծման հաջորդականությունը այս իշխանության և այս կառավարության կողմից խախատելը կարծես սովորությունն է․ նախ քանդել, հետո հասկանալ, թե որտեղ ինչ պետք է կառուցել և ի վերջո ականջալուր չլինել այն կառուցողական քննադատություններին որոնք հնչում են։ Գիշերօթիկների և մանկատների խնդիրը առավել քան նուրբ խնդիր է և այստեղ յուրաքանչյուր որոշում կայացնելիս պետք է հասկանալ, որ գործ ունենք ճակատագրերի հետ։
Մեկ այլ հարց է, թե ինչ է տեղի ունենալու բյուջեի հետ, որ հատկացվել է այդ հաստատություններին։
«ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի» մասին մեր անդրադարձը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը