07 12 2019

Արթիկի հատուկ դպրոցի դասվարը համաձայն չէ իրեն աշխատանքից ազատելու որոշմանը

Արթիկի հատուկ դպրոցի դասվարը համաձայն չէ իրեն աշխատանքից ազատելու որոշմանը

«ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցը» տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոն դարձնելուց հետո կառավարությունը, արդեն նախկին դպրոցի աշխատողներից ոչ բոլորին է աշխանքով ապահովել: Հատուկ դպրոցի աշխատակից, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող դասվար Սոֆյա Հարությունյանը նոյեմբերի 12-ից աշխատանք չունի, ըստ վերջինիս նրան և ևս 2 դասվարներին աշխատանքից ազատելու որոշումը կենտրոնի նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարինն է. «Մեր դպրոցի վերաբերյալ ոչ մի որոշում չկա, ոչ-ոք ոչինչ չգիտի, ուղղակի օգոստոս ամսից մեզ զգուշացրին, որ դպրոցը փակվելու է՝ առանց որոշման: Ինձ ազատել են. ես ուզում եմ հրամանը տան, որոշումը տան՝ ինչ հիմքով են ինձ ազատել։ Թե ինչպես է տեղի ունեցել ոչ մի փաստաթուղթ չկա»։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ նոյեմբերի 12-ին տեղեկացվել է, որ հոկտեմբերի 30-ից չի աշխատում:

Սոֆյա Հարությունյանը աշխատանքից ազատվելու մասին հիմնավորում է խնդրել կենտրոնի տնօրենի ժ/պ Արմենուհի Մանանդյանից, վերջինս աշխատանքից ազատելու որոշումը պատճառաբանել է Սոֆյա Հարությունյանի միջին մասնագիտական կրթությամբ:

«Ես նրան աշխատանքից ազատելու ցանկություն չեմ ունեցել, սակայն կենտրոնում աշխատելու համար մասնագետներ են պետք: Սոֆյա Հարությունյանը մասնագետ չէ, չունի բարձրագույն կրթություն»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենուհի Մանանդյանը՝ անդրադառնալով նաև հատուկ դպրոցի նախկին սաների՝ հանրակրթական դպրոցներում հանդիպած խնդիրներին.

«Թե՛ թեքահարթակների, թե սանհանգույցների խնդիրը ամբողջապես մշակված չէ, պետք էր սկզբից այդ կետերին ուշադրություն դարձնել, ունենք դպրոցներ, որտեղ սանհանգույցը դրսում է: Ես չեմ պատկերացնում անվասալյակով երեխան ինչպես պետք է օգտվի դրանցից»,- ասում է Սոֆիա Հարությունյանը։ Մտավոր, հենաշարժողական խնդիրներ ունեցող, աուտիզմով հիվանդ երեխաների համար գործող հատուկ դպրոցի սաներից շուրջ 36-ը ծանր խնդիրներ ունեցող երեխաներ են, այժմ նրանք ոչ թե մշտապես գտնվում են հատուկ դպրոցում, այլ ներառական կրթության ծրագրով հանրակրթական տարբեր դպրոցներում են: Ըստ Սոֆյա Հարությունյանի, հատուկ դպրոցի սաները չեն կարող հանրակրթական դպրոցներում սովորել. «Նրանց հանել են որպեսզի նրանք հաճախեն հանրակրթական դպրոցեր, նմանատիպ երեխաները՝ ելնելով նրանց ֆիզիկական վիճակից, հանրակրթական դպրոցներում չեն կարող սովորել:

Կառավարության որոշումը այն էր որ երեխաները ինտեգրվեն հասարակության մեջ, բայց հակառակն է դուրս գալիս: Աուտիզմով հիվանդ Վահրամ Չաղլյանի մայրը՝ Նախշուն Մարգարյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան 2019-ի սեպտեմբերից գրանվաց է Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում, սակայն դասերին չի հաճախում, շաբաթական 2-3 անգամ է դրոցում լինում, այն էլ՝ 1-2 ժամով. «Գրանցված է, բայց չեմ տանում դասի: Չի կարողանում ուրիշ երեխաների հետ դասի նստել, իրեն անհանգիստ է զգում, հաճախ դասերն էլ է խանգարում: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնից մասնագետ կա, ով, այսպես ասած, ուսուցչի օգնական է, ինքն է դասն անցկացնում»։

ՏՄԱԿ-ի տնօրենի Ժ/Պ-ն պնդում է որ նախկին դպրոցի սաները հանրակրթական դպրոցներ ուղարկվելուց առաջ գնահատման փուլն անցել են, հունվարին կսկսվի աջակցման փուլը: Այժմ կենտրոնի աշխատակիցները զբաղվում են մարզի Անիի, Ախուրյանի, Ազատանի շրջանների դպրոցներում սովորող երեխաների կարիքների գնահատմամբ:

Ալբերտ Սերոբյան

Լուսանկարը՝ Shantnews.am-ի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ