27 11 2019

Հայկ Մարությանի մասին բացասական հոդվածները բազմաթիվ են․ «Մեդիա պաշտպան»

Հայկ Մարությանի մասին բացասական հոդվածները բազմաթիվ են․ «Մեդիա պաշտպան»

Մեդիա պաշտպանը հայտնում է․ «2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 132 հոդված, որոնցից 80-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 40-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին այս տասնօրյակ դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Նման արդյունքը պետք է մտահոգիչ լինի Քաղաքապետարանի հանրային կապերի բաժնի համար։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհիմա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում երևում է փողոցում թափված աղբը, ապա՝ մեջբերել Հայկ Մարությանի խոսքը, թե աղբահանության հարցը լուծված է։

Տիգրան Ավինյանն, անդրադառնալով քաղաքային տրանսպորտին, ասել է, որ տրանսպորտի հարցը կլուծվի 1-ից 3 տարիների ընթացքում։ Լրատվականները հիշեցնում են, որ դեռևս քաղաքապետի թեկնածու եղած ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ տրանսպորտի հարցը լուծվելու է 2 տարվա ընթացքում։ Լրատվականը նշում է` «փաստորեն, դեռ 3 տարի էլ պետք է սպասենք»։

Դավիթ Խաժակյանը նշել է, որ քաղաքային բյուջեն անարդյունավետ է օգտագործվում։ Նա հիշեցրել է, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի աշխատակազմն ուռճացված է և հավելել է, որ Հայկ Մարությանն այն ավելի է ընդլայնել։

Նշվում է, որ քաղաքային նստարանները Հայկ Մարությանի ժամանակ ձեռք են բերվում ավելի թանկ գնով, քան նախկինում։ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը, անդրադառնալով այս հարցին, ասել են՝ «Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»։ Տիկին Վարդանյանը հավելել է՝ «փաստացի կամ Տարոն Մարգարյանն այս հարցով կոռուպցիայի մեջ չէր կամ էլ Հայկ Մարությանն է կոռուպցիա իրականացնում»։ Նրանք խնդրել են ՊՎԾ-ին պարզել այս հարցը։

Փաստացի, ավելացել են քաղաքային խնդիրների մասին թեմաները և կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ