22 11 2019

Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ է նշանակվել այգու փոխտնօրենը

Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ է նշանակվել այգու փոխտնօրենը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ:

«Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ Կենդանաբանական այգին շարունակելու է շարժվել նույն ճանապարհով:

Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը:

«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ