Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը